«ՀՀՌՑ» ՓԲԸ օբյեկտներում գործող, ընկերությանը պատկանող տեխնոլոգիական սարքավորումները ծառայում են ՀՀ տարածքում թվային հեռուստատեսային և հանրային ռադիոյի FM հեռարձակման համար։
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցը կառուցվել է 2014-2015 թվականներին։ Սարքավորումները 10 տարվա շուրջօրյա աշխատանքի արդյունքում ֆիզիկապես և բարոյապես մաշվել են և առաջիկա տարիներին ենթակա են փոխարինման։
FM ռադիոհեռարձակման սարքավորումները էլ ավելի հին են (ցանցը կառուցվել է 2003-2006 թվականներին)։ Ռադիոյի պարագայում ցանցի վերազինումը նախատեսվում է կատարել թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրմամբ։
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՀՀՌՑ-ի հեռուստառադիոհաղորդիչ ցանցի շահագործման պայմանների բարելավման և շահագործողական աշխատանքների կազմակերպման նոր մոդելի ներդրումը հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները.
Հեռուստակայաններում անվտանգության նոր, ժամանակակից համակարգերի տեղադրում,
Հեռարձակման տեխնիկական միջոցների շահագործման պայմանների բարելավում,
Հեռուստակայանների հուսալիության բարձրացում,
Ենթակառուցվածքների արդիականացում,
Սպասարկման և շահագործման աշխատանքների կազմակերպման նոր, ժամանակակից մոդելի ներդրում։
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝
Նպաստել հեռուստառադիոհաղորդիչ ցանցի տեխնիկական հուսալիության և գործառնական կայունության բարձրացմանը,
Ապահովել կայաններում անվտանգության և վերահսկելիության նոր մակարդակ,
Ստեղծել տեխնոլոգիական ավելի արդյունավետ միջավայր սարքավորումների շահագործման համար,
Նվազեցնել տեխնիկական անսարքությունների հաճախականությունը և սպասարկման հետ կապված ծախսերը,
Կառավարման մեջ նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը՝ այն փոխարինելով ավտոմատացված համակարգերով։