Loading...

Արխիվ

Արխիվ

Հատված Երևանի հեռուստաաշտարակի կառուցման մասին, որը հրապարակվել է 1977թ. «Երեկոյան Երևան» թերթում։ Սա բացառիկ պատմություն է՝ պողպատյա հսկայի՝ 311,7 մետրանոց աշտարակի ծննդյան մասին։

Թերթի բնօրինակ տեքստը․

Մայրաքաղաքի համայնապատկերը համալրվեց ևս մեկ կառույցով: Շարք մտավ 311,7 մետրանոց հեռուստաաշտարակը։ Ուղիղ երեսունյոթ ամիս պահանջվեց «Գրուզոմոնտաժսպեցստրոյի» Ռուսթավի վարչության ութ մոնտաժողներից պողպատյա հսկային ոտքի կանգնեցնելու համար: Ուղիղ 37 ամիս օր-օրի Վասիլի Դեմչենկոյի աշխղեկության վերնաշխատ բանվորները մետրեր էին «խլում» բարձրությունից։ Վերջին հատվածը` 26 մետրանոց զանգվածը, մոնտաժողները միացրին մարտի 27-ին։

Ուղիղ 45 րոպե պետք եղավ, որպեսզի վերելակը 280 մետր բարձրության վրա հասցնի բրիգադավար՝ Ֆյոդոր Գլազովին նրա գործընկերներ Զուրաբ Տղեմալաձեին, Վիկտոր Ֆիլիոնենկոյին, Սուրեն Գևորգյանին, Դմիտրի Իլյուշենկոյին, Իվանե Մայսուրաձեին: Ներքևում` մնացին կռունկավար Վիկտոր Մանիլովը և Վասիլի Դեմչենկոն։

Վասիլի Դեմչենկոն կանգնում է «հրամանատարական սանդղակի» մոտ և սկսում իր, հիրավի, ոսկերչական աշխատանքը։ Մետր առ մետր հսկա խողովակը, որի ներսում հասցրեցին իրենց ստորագրությունները թողնել մոնտաժման բոլոր մասնակիցները, վեր է սահում և ահա մի պահ կանգ առնում «հրամանատարի» կարգադրությամբ։ Զգուշորեն մոտեցվում է աշտարակի ծայրին, մի քիչ էլ և… Երևանի նոր հեռուստաաշտարակն ամբողջական տեսք է ընդունում:

Վերնաշխատ բանվորներին առաջինը շնորհավորեցին Ռուսթավի վարչության արտադրական–տեխնիկական բաժնի պետ Հրաչյա Աթաբեկյանը,  ինժեներ Կիևից, աշտարակի հեղինակներից մեկը՝ Բորիս Բուտը, լենինգրադցի մասնագետներ Սեմյոն Սմորոդինսկին, Վյաչեսլավ Պրոկոպովիչը և, իհարկե, տանտերերը՝ Հայկական ՍՍՀ կապի մինիստրի տեղակալ Յու․ Կոզլովը, Երևանի հեռուստակենտրոնի դիրեկտոր Վահրամ Խաչատրյանը։

Ինչպես մեր թղթակցին ասաց Երևանի հեռուստակենտրոնի դիրեկտորը, մոնտաժողներից հետո աշտարակում «գրանցում» կստանան կապայինները, որոնք կտեղադրեն ապարատները, կկարգաբերեն անտենաները։ Աշտարակը շարք մտնելուց հետո Հայաստանի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու չորս ծրագիր՝ երկուսը հայկական հեռուստատեսության, երկուսը՝ կենտրոնական: Իսկ դա կլինի Մեծ հոկտեմբերի 60-ամյակի օրը։