«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալներ Էդվարդ Ջաղացպանյանը և Սահակ Դավթյանը 2025 թվականի ապրիլի 14-ից 15-ը մասնակցել են Փարիզ քաղաքում կայացած «Eutelsat Video Days» միջոցառմանը։
Միջոցառումը նվիրված էր արբանյակային հեռուստատեսային հեռարձակման ներկայիս վիճակին, առկա մարտահրավերներին և զարգացման միտումներին։ Պանելային քննարկումների ձևաչափով ներկայացվեցին արբանյակային և ինտերնետ կապի համակցված նոր տեխնիկական լուծումներ, որոնք դասական արբանյակային հեռուստատեսությանը հաղորդում են ինտերակտիվություն և բարձրացնում դրա գրավչությունը։ Ներկայացվեցին նաև «Eutelsat» ընկերությանը պատկանող ցածր ուղեծրային արբանյակների (One WEB) կիրառմամբ հեռուստատեսային բովանդակության հեռահաղորդման տեխնիկական լուծումներ։
Քննարկումները հնարավորություն տվեցին ծանոթանալ և վերլուծել միջազգային հաջողված փորձը, որի կիրառումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի հեռարձակման համակարգի տեխնիկական արդիականացմանը, հեռավոր բնակավայրերում կապի հասանելիության բարձրացմանը և ժամանակակից մեդիա ծառայությունների ներդրմանը՝ միաժամանակ բարձրացնելով ոլորտի արդյունավետությունն ու ծառայությունների որակը։