Մայիսի 6-ին Երևանում մեկնարկվել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով երկօրյա աշխատաժողով, որը կազմակերպել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն և WorldDAB միջազգային կազմակերպությունը։
Բացման խոսքերով հանդես են եկել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը։
Գևորգ Մելիքսեթյանն իր խոսքում կարևորել է համաժողովի կազմակերպումը, ընդգծելով, որ դինամիկ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ տեմպերով, նման հարթակները հնարավորություն են տալիս ձևավորել ռադիոհեռարձակման նոր որակի միջավայր։ Նրա խոսքով՝ այս համաժողովը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի ռադիոհեռարձակման համակարգի ապագան նոր մակարդակի տեղափոխելու համար՝ այն կայուն կերպով մղելով դեպի թվային դարաշրջան։
Նարեկ Ադամյանը նշել է, որ համաժողովի կազմակերպման գաղափարը քննարկվել է շուրջ մեկ տարի, և այսօր այն իրականություն դարձավ՝ ստեղծելով համագործակցության և փորձի փոխանակման կարևոր հարթակ։ Այնուհետև ներկայացրել է Հայաստանի ռադիոհեռարձակման ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու զարգացման հնարավոր ուղիները՝ շեշտելով թվային հեռարձակման անցման կենսական կարևորությունը որպես ոլորտի արդիականացման և կայուն զարգացման հիմք։ Հրավիրված բանախոսները ներկայացրել են թվային ռադիոյի ոլորտում միջազգային առաջատար փորձը։
Լինդսեյ Քորնելը, ով հանդիսանում է WorldDAB Տեխնիկական կոմիտեի նախագահ և միաժամանակ BBC Digital-ի գլխավոր համակարգերի ճարտարապետ, մանրամասն ներկայացրել է DAB+ տեխնոլոգիայի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև անդրադարձավ ավտոմատ անվտանգության զգուշացման համակարգի (ASA) ներդրման հնարավորություններին։
Իսկ Վիլյամ Ջեքսոնը՝ WorldDAB-ի կոմունիկացիաների մենեջերը, ներկայացրել է թվային ռադիոհեռարձակման ներդրման գործընթացը՝ տարբեր ցանցային մոդելների օրինակներով, անդրադառնալով նաև միջազգային գործարկման փորձերին։
Մասնագիտական ելույթով հանդես է եկել նաև «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Ալվինա Աբգարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային GE-06 պլանին և Հայաստանի համար նախատեսված հաճախականությունների կառավարման մարտահրավերներին։
Համաժողովին մասնակցել են պետական կառույցների ներկայացուցիչներ, հանրային և մասնավոր ռադիոընկերություններ, ոլորտային կազմակերպություններ։
Միջոցառումն ուղեկցվել է ակտիվ հարց ու պատասխանով և մասնագիտական քննարկումներով։